18:08 | 19.04.12 | Նորություններ | 1125
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ:
Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից, հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):
Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1 պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:
Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաեւ մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են ԻՏՁՄ-ն, Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) եւ Key Solutions խորհրդատվական ընկերությունը: