12:39 | 17.04.12 | Նորություններ | 872

gt hackathon Armenia 2012-ին գրանցվելու համար մնացել է 3 օր` կարող եք շահել Galaxy Nexus եւ HTC Flyer

Երեւան: Մեդիամաքս: Երկու օրից կավարտվի ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կայանալիք gt hackathon Armenia 2012-ին մասնակցության համար գրանցվելու ժամկետը:

Հաքաթոնի նպատակն է ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա եւ հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, ինչպես նաեւ մեծացնել հետաքրքրությունը մոբիլ եւ ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն եւ Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան (Armenian Social Media Association): Հաքաթոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ օպերատորը: Մեդիամաքս մեդիա ընկերությունը հանդես է գալիս որպես gt hackathon Armenia 2012-ի պաշտոնական գործընկեր:

Հաքաթոնին գրանցվելու համար եւ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://gt.hackathon.am:

Գրանցումը տեւելու է մինչեւ ապրիլի 19-ը` ժամը 17:00-ը: Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը եւ կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 27-29 Ծաղկաձորում կայանալիք երկօրյա հաքաթոնին: Ընտրված մասնակիցներն ապրիլի 20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման:

Ընտրված մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչեւ ապրիլի 27-ը: Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղեւորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռեւս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրներում: Ծրագրերը պետք է օգտակար կամ հետաքրքիր լինեն հայ օգտվողների համար: Եթե ծրագիրը ստեղծված է միջազգային շուկայի համար, այն պետք է հետաքրքիր լինի նաեւ հայ օգտագործողներին, որպեսզի թույլատրվի նրա մասնակցությունը մրցույթին:

Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնք կաշխատեն բջջային օպերատորների կամ էլեկտրոնային վճարման համակարգերի հետ:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից կկատարվի ստեղծված ծրագրի նախնական վիճակի 5 րոպեանոց դեմո-ցուցադրություն, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` “Լավագույն ծրագրային լուծում Android ՕՀ-ով սարքերի համար” (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) եւ “Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար”  (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում: