ՏՀՏ-ընկերությունների լիդերների ֆորումում (արխիվային լուսանկար)
12:25 | 16.04.12 | Նորություններ | 1179
Երեւան: Մեդիամաքս: ՏՀՏ ոլորտում երկարատեւ զարգացում ապահովելու համար Հայաստանը պետք է միջազգային շուկայում իր ունեցած համեմատական առավելություններից անցնի մրցակցային առավելությունների, ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի խորհրդատու Փիթեր Ուիլսոնը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ապրիլի 14-ին Դիլիջանում ՏՀՏ-ընկերությունների լիդերների ֆորումում ներկայացնելով Հայաստանում անցկացրած իր կարճաժամկետ ուսումնասիրության արդյունքները, Փիթեր Ուիլսոնն ասել է, որ 6 ընկերություններում անցկացրած իր հարցումներից հետեւում է, որ վերոհիշյալ ձեռնարկությունների երկարատեւ կայուն զարգացումը վտանգված է` զարգացման հստակ ռազմավարության փաստացի բացակայության պատճառով:
«Համաձայնեք, որ միջին հայկական ՏՏ ընկերությունն առանց գործ կմնա, եթե, օրինակ, Նյու-Յորքում տեղակայված իր պատվիրատուն մի օր հրաժարվի իր ծառայություններից», - ասել է Փիթեր Ուիլսոնը:
Ոլորտը լրջորեն խթանելու համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է պետության կողմից ոլորտի զարգացման համար առավելագույնս բարենպաստ պայմանների եւ ենթակառուցվածքների ստեղծում, իսկ ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից` երկարատեւ ռազմավարության մշակում եւ պրոակտիվ մարքեթինգային քաղաքականություն: