18:04 | 13.04.12 | Նորություններ | 790

Հայաստանի 1360 դպրոցի կտրամադրվեն համակարգչային սարքավորումներ

Երեւան/Մեդիամաքս/. «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի 1360 դպրոցի կտրամադրվեն 1410 համակարգչային սարքավորումներ` համակարգիչներ, բազմագործառութային տպիչներ եւ հոսանքի անխափան սնուցման սարքեր:

Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, այս մասին այսօր ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Համակարգիչների առաքման աշխատանքները կմեկնարկեն Սյունքիի մարզից:

«Եթե երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մոտ է եվրոպական միջինացված ցուցանիշին, այն է` 1/22»,-նշել է նախարարը:

«Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին է տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաեւ այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: