09:45 | 11.04.12 | Նորություններ | exclusive 5919

Անվճար SMS-ներ դեպի Հայաստան` աշխարհի գրեթե բոլոր երկրներից

Մարտի 28-ից համացանցում գործում է անվճար SMS համակարգի ծառայություն, որը հասանելի է աշխարհի գրեթե բոլոր երկրների բջջային կապի բաժանորդներին, այդ թվում` Հայաստանի:

Գրանցվելով www.freesms.am  կայքում` օգտագործողը հնարավորություն ունի կայքի միջոցով անվճար հաղորդագրություն ուղարկել ՀՀ տարածքում գործող բջջային կապի  բոլոր օպերատորների բաժանորդներին: Մեդիամաքս-ի թղթակիցը զրուցել է նախագծի հեղինակ «ՄՈԲԲԻՍ» ընկերության տնօրեն Հովհաննես Քեշիշյանի հետ:

Ընկերությունը 2007թ-ից ծառայություններ է մատուցում լրացուցիչ բջջային կոմունիկացիաների (VAS) ոլորտում: Մասնավորապես, «ՄՈԲԲԻՍ»-ն առաջարկում SMS եւ IVR տեխնոլոգիաների վրա հիմնված տարբեր ծառայություններ`սկսած կարճ համարներով իրականացվող ծառայություններից, SMS մարքետինգի եւ պրոմո ակցիաների գործիքներից, վերջացրած` ինտեգրացիոն լուծումներով եւ ձայնային մի շարք ծառայություններով:

“Գաղափարը կար դեռեւս երեք տարի առաջ` մոտավորապես 2008թ-ին:
Սկզբնական շրջանում փորձում էինք ուսումնասիրել, վերլուծել եւ գնահատել նախագծի ներդրման եւ զարգացման բոլոր հնարավոր առանձնահատկություններն ու հեռանկարները: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող բջջային կապի օպերատորները այս ծառայության մատուցման կողմ չեն հանդիսանում եւ որեւէ պատասխանատվություն չեն կրում ծառայության տրամադրման համար”,- նշել է Հովհաննես Քեշիշյանը:

Համակարգի ծառայությունները հասանելի են միայն 16 տարին լրացած անձանց համար: Օգտագործման կանոններին ծանոթանալուց հետո բջջային կապի բաժանորդը կարող է գրանցվել իր բջջային հեռախոսահամարով: Գրանցման ժամանակ բաժանորդի հեռախոսահամարը ստուգվում է նրան հետ ուղարկվող կոդի միջոցով: Համակարգում գրանցված  բաժանորդի համարը դառնում է նրա լոգինը:

Համակարգը նախատեսված է շահառուների երկու խմբի համար: Օգտագործողների համար  www.freesms.am համակարգից անվճար SMS ուղարկելու միակ սահմանափակումը SMS-ի նիշերի քանակն է: 1 SMS-ի 160 լատիներեն նիշերի փոխարեն FMS ԱՆՎՃԱՐ SMS համակարգում հաղորդագրության տեքստի մասում մուտքագրվող նիշերի քանակն օգտագործողի համար սահմանափակվում է 90 լատիներեն նիշով:

Մնացած 70 նիշերը զբաղեցնում են գովազդային հայտարարությունները: Սա շահառուների երկրորդ խմբի համար է: Դրանք այն ընկերություններն են, որոնք ցանկանում են գովազդել իրենց ապրանքները կամ ծառայությունները www.freesms.am համակարգում գրանցված օգտագործողների կողմից անվճար ուղարկվող SMS հաղորդագրությունների տեքստերի մեջ:  

«Համակարգի գործարկման առաջին օրերին մենք արդեն ավելի քան 500 գրանցված օգտագործող ունենք, ինչն այս փուլում լիովին արդարացրել է մեր սպասումները: Կարելի է ասել՝ սա համակարգի դեռ նախնական տարբերակն է: Առայժմ գովազդային առաջխաղացման որեւէ գործիք չենք կիրառել համակարգի տարածման նպատակով, բացառությամբ սոցիալական ցանցերում մեր ընկերության աշխատակիցների կողմից իրենց ընկերներին ու մտերիմներին տեղեկացնելը”, -ասել է Հովհաննես Քեշիշյանը:

«Նախագծի հիմնական եկամտի աղբյուրը լինելու է հաղորդագրություններին կցվող գովազդը: Օգտագործողների համար սա շատ հարմար գործիք է անվճար հաղորդագրություններ ուղարկելու համար, հատկապես արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար, որոնք շփման մեջ են Հայաստանում ապրող իրենց հարազատների հետ: Պատկերավոր ասած, Հայաստան անվճար SMS ուղարկելու համար մենք նրանցից խնդրում ենք զիջել հաղորդագրության ընդամենը մի քանի բառը: Ի տարբերություն զուտ գովազդային SMS-ների, երբ բաժանորդը հաղորդագրություն է ստանում ինչ-որ ընկերության անունից, որին նույնիսկ չի ճանաչում ու, երբեմն, նյարդայնանալով չի կարդում այն, այս դեպքում՝ ընկերության գովազդային հաղորդագրությունը հայտնվում է ընկերոջից ընկերոջը կամ հարազատից հարազատին ուղարկվող հաղորդագրության մեջ, որն, անշուշտ, կարդացվում է եւ ապահովում է բարձր արդյունավետություն», - Մեդիամաքս-ին ասել է «ՄՈԲԲԻՍ»-ի տնօրենը:

Երբ կայքի օգտագործողը հաղորդագրություն է ուղարկում, ստացողը կարող է պատասխանել եւ ուղարկողը կստանա անմիջապես իր հեռախոսի վրա:

Հովհաննես Քեշիշյանը նշել է, որ նախագծի հաջող ընթացքի դեպքում այն կարող է գործարկվել նաեւ այլ երկրներում:

“Ներկայումս բանակցություններ են ընթանում, հնարավոր է, որ մոտ ապագայում փորձենք նման նախագիծ գործարկել նաեւ Ռուսաստանի Դաշնության որեւէ հատվածում”,-ասել է Հովհաննես Քեշիշյանը:

Սիրանուշ Եղիազարյան