17:05 | 06.04.12 | Նորություններ | 3358
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտնաբերել է վերջին շրջանում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից «կոտրելու» ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր:
Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղղություններով եւ արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց, հայտնել են ընկերությունում:
Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող կորպորատիվ հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.am էջում:
Արմենտել-ը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: