17:03 | 02.04.12 | Նորություններ | 4428

«Red Bull Paper Wings 2012»-ի ազգային փուլի հաղթողները կներկայացնեն Հայաստանն ավստրիական Զալցբուրգում

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի բարձրագույն եւ միջին ուսումնական հաստատությունների ուսանողներ Արմեն Հայրապետյանը, Ալբերտ Հովհաննիսյանը եւ Աննա Հունանյանը հաղթեցին «Red Bull Paper Wings 2012» առաջնության ազգային փուլում, որի հովանավորն է ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ):

Մարտի 31-ին Երեւանում անցկացված եզրափակչում ԵՊՀ ուսանող Արմեն Հայրապետյանի ինքնաթիռը 34,8 մետր արդյունքով լավագույնն էր «Թռիչքի հեռավորություն» դասում:  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանը հաղթեց «Թռիչքի տեւողություն» դասում` նրա պատրաստած ինքնաթիռը օդում էր 6,63 վայրկյան: «Աէրոբատիկա» անվանակարգում առաջին տեղ զբաղեցրեց Պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Աննա Հունանյանը:

«Ուրախ ենք պարգեւել ուսանողներին այս արտասովոր մրցույթին մասնակցելու հնարավորություն: Սրտանց շնորհավորում եմ թղթե ավիացիայի հերոսներին: Կարելի է ասել, որ ձեր ինքնաթիռերն արդեն հասել են Ավստրիա, եւ ցանկանում եմ, որ ձեր թռիչքը դրանով չավարտվի»,- ասել ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «Թռիչքի հեռավորություն», «Թռիչքի տեւողություն» եւ «Աէրոբատիկա»: «Red Bull Paper Wings» առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ: Այս տարի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 85 երկրի ներկայացուցիչներ: