15:22 | 16.03.12 | Նորություններ | 1170

Microsoft-ը հորդորում է ակտիվ մասնակցել ծրագրերի հայաֆիկացմանը

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ի հայկական գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը կոչ է անում ակտիվ մասնակցել կորպորացիայի օպերացիոն համակարգի եւ MS Office փաթեթի հայաֆիկացման գործին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած Microsoft-ի արտադրանքի հայաֆիկացման շուրջ հանդիպում-քննարկմանը, Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ 2006-ից կորպորացիան մեծ ներդրումներ է կատարում իր արտադրանքի հայաֆիկացման մեջ եւ մինչ օրս հայերեն են թարգմանվել Windows XP, Vista եւ 7 օպերացիոն համակարգերը, MS Office 2003 եւ 2007 ծրագրային փաթեթները եւ ուղղագրական ծրագրերը, որոնք կարելի է բեռնել Microsoft-ի ներբեռնման կենտրոնից:

Որպես օրինակ Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է իր համակարգչի հայալեզու ինտերֆեյսով (որն ի դեպ թարգմանվել է որպես «միջերես») Windows 7 համակարգը եւ բացել հայերեն ինտերֆեյսով եւ ուղղագրության ստուգման հնարավորությամբ MS Office Word 2010-ի ֆայլ (որն ի դեպ թարգմանվել է որպես «նիշք»):

Նա տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին լույս կտեսնի հայալեզու Windows 8-ը, որտեղ տերմիններն ավելի կատարյալ դարձնելու համար անհրաժեշտ է հայալեզու հասարակության լայն շրջանակների ներգրավում: Թարգմանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել այս ֆորումը, քվեարկել նախընտրելի բառերի օգտին եւ նոր առաջարկներ անել:

Այսօրվա քննարկմանը ներկայացվել է նաեւ Microsoft-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախագծված Windows phone օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար հատուկ ծրագիր, որտեղ կարելի է տեքստեր հավաքել հայերեն ստեղնաշարով, ինչպես նաեւ հատուկ բրաուզեր, որը թույլ է տալիս դիտել հայալեզու կայքեր:

Նշված ծրագրերը մոտ օրերի ընթացքում անվճար հասանելի կլինեն Windows Phone Marketplace-ում: