ՀՀ կառավարությունը
13:54 | 01.03.12 | Նորություններ | 920
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ՏՏ-ձեռնարկությունների միությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մոլդովական ՏՏ ընկերությունների համար այդ երկրի կառավարությունը հարկային արտոնություններ կսահմանի:
Մոլդովական ՏՏ ոլորտի այն աշխատողները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 7100 MDL (մոտ 234 հազար դրամ), գերազանցող մասի համար այլեւս ամսական եկամտահարկ եւ սոցվճար չեն վճարի:
Այն փաստը, որ այս լուրը տարածել է Հայաստանի ՏՏ-ձեռնարկությունների միությունը, կարող է վկայել այն մասին, որ այս կերպ միությունը փորձում է «հուշել» ՀՀ կառավարությանը` հանդես գալ համանման նախաձեռնությամբ:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. փետրվարի 2-ին Հայաստանի կառավարությունը ընդունել էր որոշում, որի համաձայն Հայաստանի ՏՏ-ոլորտի ընկերությունների կողմից ծրագրային ապահովման հարմարեցմանը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրմանը եւ ինովացիոն գործունեությանն ուղղվող ծախսերը, հարկվող շահույթը որոշելիս, կնվազեցվեն համախառն եկամտից, ինչը կբերի շահութահարկի փոքրացմանը:
Գործող օրենսդրությամբ հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով, սակայն ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը եւ ինովացիոն գործունեությունը մինչ այժմ չէին համարվում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011թ. ապրիլին ասել էր, որ պետությունը պատրաստ է հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք հանդես կգան նորարարական արտադրանքով:
«Ցանկացած արտադրությանը, որը կհիմնվի նորարարական բազայի վրա եւ կտա արտադրանք, որը Հայաստանում չի արտադրվում, մենք պատրաստ ենք օգնելու միջոցներով, պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան նախորդ տարի ասել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի «չի սիրում շահութահարկի արձակուրդներ»: