11:42 | 27.02.12 | Նորություններ | 1298

Հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներն առաջարկում են ստեղծել ՏՀՏ մարզային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության թվային քարտեզ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները փետրվարի 25-26-ին Աղվերանում կայացած “ՏՀՏ լիդերների հանդիպում” ֆորումի արդյունքներով մշակել են առաջարկությունների փաթեթ `ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը: 

Ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես, առաջարկում են համապատասխան պետական գերատեսչություններին ստեղծել ՏՀՏ մարզային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության թվային քարտեզ:    

Ինչպես ասվում է առաջարկությունների նախագծում, մարզային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության թվային քարտեզի ստեղծումը կնպաստի այդ ենթակառուցվածքների արդյունավետ եւ նպատակային օգտագործմանը, ինչպես նաեւ թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմիններին մշակել ոլորտի զարգացման ծրագրեր, ինչն իր հերթին կխթանի ներդրումները մարզերում:
  
“ՏՀՏ լիդերների հանդիպում” ֆորումի մասնակիցները նաեւ առաջարկում են տրանսպորտի եւ կապի նախարարության ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին կմասնակցեն նաեւ տարածքային կառավարման նախարարության, Կադաստրի պտական կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի, ոստիկանության, Ազգային ավտանգության ծառայության ներկայացուցիչները:

Այդ աշխատանքային խումբն էլ, առաջարկի համաձայն, երկամսյա ժամկետում պետք է մշակի ՏՀՏ մարզային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության թվային քարտեզը:

Ոլորտի մասնագետները մտադիր են ՀՀ վարչապետին ներկայացնել ՏՀՏ ենթակառուցվածքների` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում  ներգրավվման անհրաժեշտությունը: