10:22 | 20.02.12 | Նորություններ | 1139

Հայաստանում ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի սերվեր

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի կողմից  ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) տվյալների շտեմարան, որում գործում են երկնային մարմինների սպեկտրների արտաբերման եւ աստղագիտական կատալոգների փոխհամադրման ծրագրեր:

Արդեն 4 տարի է, ինչ ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, որտեղ դեռ 2005թ. սկսվել է Հայկական ՎԱ նախագիծը:

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության համաձայն, ինչպես եւ մյուս ՎԱ ազգային նախագծերում, Հայկական ՎԱ նույնպես աստղագետների եւ համակարգչային մասնագետների համագործակցություն է, որի շրջանակներում կառուցվում են համապատասխան միջավայրեր, որտեղ հնարավոր են դառնում աստղագիտական բազմատեսակ տվյալների համատեղ օգտագործումն ու արդյունավետ գիտական հետազոտությունների իրականացումը:

2002 թվից գործում է ՎԱ միջազգային ալյանսը, որը ներկայումս միավորում է 17 երկրների ազգային ՎԱ նախագծեր: Հայկական ՎԱ այդ ալյանսի անդամ է 2005 թվականից:

Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով եւ ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից: Տվյալների շտեմարանի ճարտարապետությունն այնպիսին է, որ հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում:

Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում: 

Հայկական ՎԱ համացանցային կայք-էջի հասցեն է`http://www.aras.am/Arvo/arvo.htm: