09:03 | 02.02.12 | Նորություններ | 1839

Facebook-ը նախատեսում է ներգրավել մինչեւ $10 մլրդ

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի բորսաների եւ արժեթղթերի հարցերով հանձնաժողով (SEC)` բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)  իրականացնելու նպատակով:

IPO-ի ընթացքում ընկերությունը նախատեսում է ներգրավել $5 մլրդ, սակայն այս ցուցանիշը կարող է փոխվել: The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով, Facebook-ի բաժնետերերը եւ մենեջերները տեղաբաշխման դեպքում ակնկալում են ներգրավել $10 մլրդ:

Vedomosti.ru-ն նշում է, Facebook-ի բաժնետոմսերի արժեքը դեռ հայտարարված չէ: Ավելի վաղ ընկերությանը եւ նրա խորհրդականներին մոտ աղբյուրները պատմել են, որ գումարը կարող է կազմել $75-100 մլրդ:

Facebook-ն ունի 2 տեսակ բաժնետոմսեր` «Ա» դասի (մեկ բաժնետոմսի դիմաց՝ մեկ ձայն) եւ «Բ» դասի (մեկ բաժնետոմսի դիմաց՝ 10 ձայն): Facebook-ի հիմնական բաժնետերն է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ում պատկանում է «Բ» դասի բաժնետոմսերի 28,2%-ը: Սակայն նա ունի նաեւ ուրիշ ներդրողների կողմից քվեարկելու լիազորագիր եւ իր «ձայների» համակցված չափաբաժինը կազմում է 57%:

Facebook-ը հրապարակել է իր ֆինանսական ցուցանիշները, որոնք բավականին տպավորիչ են, սակայն վերլուծաբանների կանխատեսումներից ավելի համեստ: 2011-ին Facebook-ի հասույթը նախորդ տարվա $1,97 մլրդ-ի համեմատ կազմել է $3,71 մլրդ: Վերլուծաբաններն ակնկալում էին $4,27 մլրդ-ի հասույթ: Իսկ նախորդ տարում Facebook-ի շահույթը կազմել է $1 մլրդ, ինչը 65%-ով ավելի է,քան 2010-ին:

Գովազդային հայտարարությունների թիվը 2011-ին աճել է 42%-ով, իսկ մեկ գովազդի գինը` 18%-ով:

Ներկայումս Facebook-ն ունի շուրջ 845 մլն օգտատեր ամբողջ աշխարհում, ինչը 39%-ով ավելի է, քան 2010-ին: Ամեն օր այս սոցիալական կայքից օգտվում է 483 մլն մարդ (մեկ տարում՝ 48% աճ), նրանք օրեկան ներբեռնում են 250 մլն լուսանկար եւ դնում 2,7 մլրդ «like» իրենց ընկերների հաղորդագրություններին: