16:54 | 27.01.12 | Նորություններ | 4157
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի հետ համատեղ այսօր ամփոփել են «WebԾիրան» առաջին առցանց համահայկական կինոփառատոնի արդյունքները եւ հայտարարել են հաջորդի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «WebԾիրանի» գլխավոր մրցանակի` 1000 դոլարին համարժեք դրամ, արժանացավ Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմը, հատուկ մրցանակը (500 դոլար) ստացավ ռեժիսոր Արսեն Հայրապետյանը` «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմի համար:
Կինոփառատոնի մի շարք մասնակիցներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ:
«Զարգացող աշխարհում անխուսափելի է ժամանակակից տեխնոլոգիաների ներթափանցումը նաեւ մշակույթի բնագավառ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն ասել է, որ կինոարվեստը զարգանում է Հայաստանում, մասնավորապես, Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:
Նա հավելել է, որ այսօրվանից դրվում է երկրորդ «WebԾիրանի» մեկնարկը, փառատոնին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչեւ 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսները:
«WebԾիրանը» մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 15-ին` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: