18:26 | 16.01.12 | Նորություններ | exclusive 972

ArCa համակարգի վեբկայքի խաթարումները կապված են նրա գերծանրաբեռնվածության հետ

Երեւան: Մեդիամաքս: ArCa վճարահաշվարկային համակարգի վեբկայքի աշխատանքի խաթարումները կապված են կայքի գերծանրաբեռնվածության հետ, Մեդիամաքս-ին ասել է համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը:

Վճարահաշվարկային համակարգի www.Arca.am կայքը, որտեղ հնարավոր է իրականացնել կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց վճարումներ, այսօր կանոնավոր չի աշխատում:

Ըստ Իշխան Մխիթարյանի, ծանրաբեռնվածության պատճառը դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումների վերաբերյալ տվյալների ուշացած տրամադրումն է համակարգին (կապված ամանորյա տոների հետ), ինչը բերել է կայքի միջոցով միաժամանակ իրականացվող վճարման գործարքների թվի աճին:

«Հունվարի ընթացքում կայքում կնքվել է ավելի քան 81 հազ. վճարման գործարք, ինչը շուրջ 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», - ասել է Իշխան Մխիթարյանը, նշելով, որ գործարքների մեծամասնությունը վճարումներն են կոմունալ ծառայությունների դիմաց:  

Նրա գնահատմամբ, կայքի ծանրաբեռնվածությունը կնվազի 2 օրվա ընթացքում, իսկ նման խնդիրների ծագումը կբացառվի պրոցեսինգային համակարգի թարմացման աշխատանքների ավարտից հետո, ինչը սպասվում է այս տարվա ամռանը: