16:55 | 16.01.12 | Նորություններ | 943
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում իրավախախտում կատարած վարորդներն այսուհետև ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունում, վարորդները կարող են ծանոթանալ իրենց կողմից թույլ տրված խախտումներին` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:
Հունվարի 16-ից Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը. մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով: