17:44 | 21.12.11 | Նորություններ | 1315
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) կբացվի Microsoft-ի IT-ակադեմիա եւ սերտիֆիկացիոն կենտրոն:
Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, համապատասխան հուշագիրն այսօր Երեւանում ստորագրել են համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը եւ Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:
Ըստ Գրիգոր Բարսեղյանի, ակադեմիայում, որը կհիմնադրվի հաջորդ տարի եւ նախատեսված կլինի համալսարանի բոլոր ուսանողների եւ դասախոսների համար, կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ ու ներկայացվելու են Microsoft-ի վերջին հետազոտությունները եւ մշակումները:
Համալսարանում հաջորդ տարվանից գործելու է նաեւ Microsoft-ի սերտիֆիկացիոն կենտրոնը, որի պատրաստած մասնագետները, Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, մեծ պահանջարկ ունեն Հայաստանում:
«Համալսարանում ներդրվելու է Microsoft-ի live@edu համակարգի ավելի քան 10 հազ. ազատ բաժանորդագրություն, որն առաջարկում է հաղորդակցման եւ համագործակցության բարձրակարգ գործիքներ, բացի այդ, համալսարանը ստանալու է մինչեւ 80-90% զեղչեր Microsoft-ի ցանկացած արտադրանք ձեռք բերելիս»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Այսօր կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն, ՀՊՏՀ-ում կստեղծվի Հայաստանի գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների մշակման լաբորատորիա. համագործակցության պայմանագիրը ստորագրվել է համալսարանի եւ “Ագրոսայնս” ընկերության միջեւ: Պայմանագրի համաձայն, համալսարանում կհիմնվի էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների մշակման եւ որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա:
“Ագրոսայնս” ընկերության հիմնադրիր եւ խորհրդի անդամ Վաչագան Նուշիկյանը նշել է, որ ընկերությունը մշակել է իր թունաքիմիկատները 5 տարվա ընթացքում` խաղողագործության ոլորտում կատարված փորձարկումների արդյունքում, եւ ցանկանում է իր ավանդն ունենալ Հայաստանում թունաքիմիկատների արտադրության եւ մասնագիտական կրթության զարգացման գործում: