ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կայքը
13:34 | 09.12.11 | Նորություններ | 711
Երեւան: Մեդիամաքս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) այսօր հրապարակել է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ՀՀ պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մոնիտորինգի արդյունքները:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը(կամ բացակայությունը), ամբողջականությունը, օպերատիվությունը եւ այլն:
“Դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային, իսկ 27-ը` տեխնիկական: Չափորոշիչները ներառում են գերատեսչության հասցեի, ֆաքսի, հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկությունների առկայությունից մինչեւ աշխատանքի թափուր տեղերի եւ բյուջեի մասին տվյալները”,-ասել է Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքերով, մոնիտորինգի առաջին փուլից հետո (ս.թ.փետրվարի 1-ապրիլի 30) ԽԱՊԿ-ը կայքերի պատասխանատուների հետ ունեցել է հանդիպումներ եւ տեղեկացրել “խաղի կանոններին”:
“Երկրորդ փուլում նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերում բարելավումներն ակնհայտ էին: Դիտարկվող չափանիշներին առավելապես համապատասխանում են տարածքային կառավարման(www.mta.gov.am` 52.07%), տրանսպորտի եւ կապի( www.mtc.am` 51.09-6%), աշխատանքի եւ սոցիալական հարցերի(www.mss.am` 48.39) նախարարությունների կայքերը, իսկ վերջին հորիզոնականում է մշակույթի նախարարության կայքը(www.mincult.am` 19.62%)”,-ասել է նա:
Աշոտ Մելիքյանն ասել է, որ որոշ չափով բարելավվել են մարզպետարանների կայքերի ցուցանիշները եւ վատթարացել է ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, դատախազության եւ Սահմանադրական դատարանի կայքերի թափանցիկությունը:
ԽԱՊԿ նախագահը միաժամանակ նշել է, որ դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ կայքերի մեծամասնությունում տեղադրված չէ անհրաժեշտ ինֆորմացիա բյուջեի ծավալի եւ կատարման, թափուր պաշտոնների եւ աշխատանքի ընդունման համար մրցույթների վերաբերյալ:
Պետական մարմինների կայքերի վարկանշային աղյուսակներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.khosq.am կայքում: