Տիգրան Դավթյանն ու Սաչին Պիլոտը
13:40 | 07.11.11 | Նորություններ | 997
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ «ՏՏ ոլորտում Հնդկաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար, եւ հայկական կողմը հետաքրքրված է Հնդկաստանի հետ երկկողմ համագործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Տիգրան Դավթյանն ասել է Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի հետ ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր մենք բացեցինք հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը եւ մեծ ծրագրեր ունենք ապագայում համագործակցության զարգացման համար: Հնդիկ գործարարների կողմից հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, եւ մենք կփորձենք հնարավորություններ ստեղծել գործարար շփումների զարգացման համար»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ բարձրորակ կադրեր, ինչպես նաեւ պայմաններ ապահովել օտարերկրյա ներդրումների համար: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում այսօր գործում է շուրջ 200 ընկերություն, որոնց 2/3-ը աշխատում է օտարերկրյա կապիտալով:
Տիգրան Դավթյանը նշել է, որ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ-ում այս տարի բացված երրորդ ՏՏ կենտրոնն է, որի ստեղծման համար հայկական կողմը ներդրել է շուրջ 200 մլն դրամ:
Սաչին Պիլոտը ասել է, որ Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առեւտրային կապերի զարգացմամբ, ինչին, ըստ հնդիկ պետնախարարի, կնպաստի Երեւան-Դելի ուղիղ ավիաչվերթի վերաբացումը:
Նրա խոսքով, հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի բացումը փայլուն համագործակցության գերազանց օրինակ է, եւ այնտեղ տեղադրված տարածաշրջանում միակ Param սուպերհամակարգչի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է հասնել մեծ արդյունքների: