ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համատեղ նախագիծը BirthLink-ի հետ
17:23 | 20.10.11 | Նորություններ | 2859
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորն այսօր այցելել են Երեւանի պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ:
Արդեն չորս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղությամբ: Այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 298 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել Հայաստանի 23 հիվանդանոցների:
«Birthlink կազմակերպության հետ մեր համատեղ նախագիծը շարունակվում է, որովհետեւ յուրաքանչյուր նորածին երեխա արժանի է ունենալու ապրելու հնարավորություն: Այս բուժհաստատությունում բուժվում են երեխաներ Հայաստանի բոլոր շրջաններից, եւ այսօր այն պատրաստ է փրկել ավելի շատ մարդկային կյանքեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այնպիսի նախագծերի կողքին, որոնք կյանք են պարգեւում մեր երկրին եւ ավելի լավ կյանքի հույս են ներշնչում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: