14:54 | 06.09.11 | Նորություններ | 5358

Telcell ընկերությունն առաջարկում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների համալրման նոր մեթոդ

Երեւան/Մեդիամաքս/.Telcell ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշվետեր հաճախորդներին այսօրվանից ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց Բանկ այցելելու:

Telcell վճարային համակարգը մշակել եւ ներդրել է հաշիվների համալրման շուրջօրյա ծառայություն: Այն անվճար է եւ հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով:  

«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության  ավելացմանը: Մենք վստահ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս մեզ, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ`այլընտրանքային  դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրմարկղային ցանցերին եւ բանկոմատներին»,- նշեց «Թել-Սել» ընկերության մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը` մեկնաբանելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության սկիզբը:
 
Իր հերթին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական եւ հաճախորդների շահերին միտված մեթոդներով: Telcell ընկերության հետ համագործակցությունը եւս մեկ քայլ է` ուղղված Բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակներիի ընդլայնմանը»:
 
TelCell համակարգի տերմինալների միջոցով հաշիվների համալրման գործընթացը բավականին պարզ է եւ մատչելի: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին է ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում: