Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը եւ ծրագրի գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր` միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Աշոտյանն ասել է, որ «սա կոնցեպտուալ նշանակություն ունեցող մի նախագիծ է, ծրագրի մեկնարկի առաջին փուլում կներգրավվեն Երեւանի բոլոր դպրոցները` ստեղծելով «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապը ապահովող համապարփակ միջավայր: Նախարարը նշել է, որ ծրագիրը գործելու է անվճար հիմունքով:
Արմեն Աշոտյանը հավելել է, որ էլեկտրոնային համակարգի ստեղծումը թույլ կտա ապահովել դպրոցական համակարգի թափանցիկությունը, բացի այդ, հնարավորություն կընձեռի ծնողի ուշադրության կենտրոնում պահել երեխայի ուսումը: Նախարարը նշել է, որ ծրագիրը ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ:
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ մարզային դպրոցների ներգրավվումն այդ ծրագրում շատ կարեւոր է, եւ եթե ծրագրի այդ կետը չկատարվի, ապա ընկերությունը դուրս կգա նախագծից:
Ծրագրի հիմնադիրն ասել է, որ այս պահին ծրագրին միացել են Երեւանի 46 դպրոցներ, նախագիծն ունի շուրջ 30 հազար հավանական բաժանորդ: