09:52 | 25.07.11 | Նորություններ | 865

Facebook-ը կարող են արգելել ավստրալացի դեռահասների համար

Երեւան/Մեդիամաքս/. Ավստրալացի մի շարք քաղաքական գործիչներ պահանջում են արգելել 18 տարեկանից ցածր Ավստրալիայի քաղաքացիներին օգտվել աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցից` Facebook-ից:

Նման պահանջը կապված է դեռահասների գործած մի քանի ինքնասպանությունների հետ, որոնց շարժառիթը, ինչպես պարզվում է, սոցցանցում նրանց հանդեպ գործադրվող վիրտուալ բռնություններն էին եւ շանտաժը, հաղորդում է Bloomberg-ը:

Հուլիսի 21-ին Ադելաիդա քաղաքում մեկնարկած Ավստրալիայի օրինապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ֆորումին քննարկվել է Հարավային Ավստրալիա նահանգի գլխավոր դատախազ Ջոն Ռոուն առաջարկը, որի համաձայն Facebook-ը պետք է ճշտի սեփական էջեր բացող անձանց տարիքը կամ երաշխավորի ծնողների մուտքը դեպի իրենց երեխաների էջեր:

Facebook-ից, որն ունի շուրջ 750 մլն օգտվող ամբողջ աշխարհում, Ավստրալիայում օգտվում է բնակչության կեսը կամ 10 մլն մարդ (տվյալները` Socialbakers.com), որոնց 14%-ի տարիքը 18-ից ցածր է:

Այս քննարկումը հաջորդել է Ավստրալիայի մտավոր առողջության խորհուրդ ՀԿ-ի զեկույցին, որտեղ նշվում է դեռահասների ինքնասպանությունների 3 դեպքերի մասին, երբ ինքնասպանության կարեւոր գործոն էր սոցցանցերի ազդեցությունը:

«Փորձելով պաշտպանել երեխաներին ցանցային ահաբեկիչներից, քաղաքական գործիչներն, այնուամենայնիվ, չեն հասկանում թե ինչպես է գործում ինտերնետը: Դա անհնարին է, քանի որ երեխաները չեն նշի իրենց իրական տարիքը»,- ասել է կիբեր-հանցագործություններով զբաղվող օնլայն խորհրդատու Սյուզան ՄքԼինը:

Այս տարվա փետրվարին Ավստրալիայի Պերտ քաղաքի մոտակայքում շուրջ 300 երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել խնջույք ալկոհոլային խմիչքներով, որը Facebook-ում միջոցառում (event) բացելով կազմակերպել է մի 14 տարեկան դեռահաս: