15:18 | 29.06.11 | Նորություններ | 4074

ԱրմենՏել-ը եւ Samsung Electronics-ը պարգեւատրել են համակարգչային խաղերի առաջնության հաղթողներին

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը եւ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը այսօր Երեւանում պարգեւատրել են World Cyber Games (WSG) Armenia 2011 Հայաստանի համակարգչային խաղերի հինգերորդ բաց առաջնության հաղթողներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, առաջնության պաշտոնական մարզաձեւերում հաղթող են ճանաչվել 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) եւ 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2), որոնք 2011 թվականի դեկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայի Պուսան քաղաքում WCG գլխավոր, ավարտական փուլի մասնակցության ուղեգիր ստացան:

Եզրափակչում մասնակցելու իրավունք ստացան նաեւ պաշտոնական անվանակարգերում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողները: Թիմային եւ անհատական մրցույթներում հաղթողները պարգեւատրվել են Samsung ընկերության համակարգչային տեխնիկայով:

Հատուկ մրցանակ ԱրմենՏելից (նեթբուք՝ Hi Line ինտերնետի 1 տարվա բաժանորդագրությամբ) ստացել է հայկական առաջնության միակ աղջիկ-մասնակիցը, Երեւանի բնակիչ Օլգա Ֆեդորենկոն:

Առաջնությունը կայացել է հունիսի 22-26-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում: Առաջնությունն ունեցել է 148 մասնակից, որոնցից 36-ը դարձան մրցանակակիր: Առաջնության մրցանակային ֆոնդը 3,6 մլն դրամ էր, նվերները (30 մոնիթոր, 4 նոութբուք, 2 նեթբուք) տրամադրել էր Samsung ընկերությունը:

Առաջնության համաշխարհային հովանավորն է Samsung-ը, իսկ Հայաստանի ազգային առաջնության գլխավոր գործընկերն է ԱրմենՏել-ը: