10:35 | 20.05.11 | Նորություններ | 3776

«Սպառողները փոփոխություններ կզգան մինչեւ տարեվերջ»

ARMIX ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանի հարցազրույցը Itel.am-ին

- ARMIX-ը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ: Ի՞նչ է հաջողվել անել այս ժամանակահատվածում:

- Հիմնադրումից հետո ARMIX-ը երկար ժամանակ աջակցություն էր ակնկալում ՀՀ կառավարությունից, որը խոստանում էր օժանդակել հիմնադրամի գործունեությանը, այդ թվում նաեւ շենքի տրամադրման հարցում, քանի որ դա ամենալուրջ հարցերից մեկն էր հիմնադրամի առանձնահատկության պատճառով:

Շենքը պետք է անպայման գտնվեր Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ պատմականորեն ստեղծվել էր մալուխային ցանցը, եւ դրա տեղափոխումն այլ վայր շատ դժվար էր: Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում էր օգնել այդ շենքի հարցում, սակայն երկար սպասումներից հետո մենք սեփական ուժերով վարձակալեցինք այն:

Տեխնիկական աշխատանքները սկսվեցին 2010թ. նոյեմբերին, եւ այսօր 6 պրովայդերներ կատարում են թրաֆիկի փոխանակում:

Ինչո՞վ է կարեւոր նախաձեռնությունը:

Առաջինը՝ մեր թրաֆիկի անվտանգությունն է: Երկրորդը` արագությունն ու ծախսերը: Օրինակ, եթե Երեւանում մի շենքից մյուսն անցնելու համար թրաֆիկն անցնում է Ֆրանկֆուրտով, ապա, բնականաբար, ավելի մեծ ծախսեր են արվում: Թրաֆիկի փոխանակումը բարձրացնում է տվյալների փոխանցման արագությունը եւ նվազեցնում արժեքը, ինչը ի վերջո պետք է ազդի վերջնական սպառողի վրա: Սպառողները փոփոխություններ կզգան մինչեւ տարեվերջ: Երրորդը՝ կապուղիների դիվերսիֆիկացումն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանը հաճախ բախվում է արտաքին ինտերնետ-կապուղիների խափանման խնդրի հետ: Իհարկե, այսօր տեղական պրովայդերների միջեւ առկա է փոխկապակցում peer-to-peer (p2p) սկզբունքով, սակայն 10 Մբտ թողունակությունը կարող է ապահովել միայն պրովայդերի ծառայողական թրաֆիկի փոխանակումը, այլ ոչ թե ողջ պահուստային պատճենումը (backup):

- Ներկայումս քանի՞ ընկերություններ են համագործակցում ARMIX հիմնադրամի շրջանակներում, կա՞ն արդյոք գործունեության ոլորտի ընդլայնման հեռանկարներ:


- Հիմնադրամի ստեղծման հռչակագրին միացել են 13 ընկերություններ, այդ թվում` 2 խոշոր օպերատորներ («ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ Արմենիա»): Սպասվում է նաեւ «ԱրմենՏել» ընկերության միացումը, որի հետ 2010թ. նոյեմբերին ձեռք է բերվել նախնական համաձայնություն: Ընկերությունում ասել են, որ ARMIX-ին միանալու հնարավորության հարցը կսկսեն քննարկել հիմնադրամի աշխատանքների մեկնարկից հետո: Ինձ թվում է, որ մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կարող է պարզաբանվել:

Ինչ վերաբերում է հիմնադրամի գործունեության ընդլայնմանը, ապա կարելի է ասել, որ ներքին թրաֆիկի արագության բարձրացման եւ գների իջեցման շնորհիվ հնարավորություն է առաջանում զարգացնել տեղական քոնթենթը եւ ռեսուրսները տեղադրել լոկալ հոսթինգ-սերվերների վրա: Դա կհանգեցնի հոսթինգի ծառայության զարգացմանը Հայաստանում, որը Վրաստանի համեմատ ներկայումս գտնվում է խղճուկ վիճակում: