Ռուբեն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը (PanArmenian Photo)
14:30 | 22.04.11 | Նորություններ | 1861
Երեւան/Մեդիամաքս/. Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPCW) ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ապրիլի 1-ից մայիսի 8-ը իրականացնում են Երկրի օրվան նվիրված քարոզարշավ, որն ունի “Տնկիր քո ծառը քո երկրում” կարգախոսը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ այս քարոզարշավն իրականացնվում է արդեն չորրորդ անգամ եւ նպատակ ունի համախմբել հայ հանրության ջանքերը շրջակա միջավայրի պահպանության շուրջ:
«Ճիշտ է, քարոզարշավի հիմնական միջոցառումը ծառատունկն է, սակայն աշխատում ենք մարդկանց մտածելակերպը, սպառողական մոտեցումը փոփոխելու ուղղությամբ»,-ասել է Ռուբեն Խաչատրյանը:
«Երկրի օրը» քարոզարշավի շրջանակներում այսօր տեղի է ունեցել հիմնադրամի ստեղծած «95 ծառ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ 95 տնկիների` Արեւմտյան Հայաստանից դեպի Երեւան կատարած ուղեւորության մասին:
Քարոզարշավի ընթացքում նախատեսվում է Լուսանկարչական մրցույթ «Իմ անտառը» խորագրով եւ ծաղկահավաքի միջոցառում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բացի այդ կկազմակերպվի ծառատունկ ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ յուրաքանչյուր ընկերություն, բացի իր հիմնական գործունեությունից, պետք է մտածի նաեւ հասարակության եւ շրջակա միջավայրի պահպանման մասին: