13:44 | 01.03.11 | Նորություններ | 3974

    Orange Armenia-ն գործարկեց Orange Կինո ծառայությունը

    Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Armenia-ն գործարկել է Orange Կինո ծառայությունը:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Orange Կինո ծառայությունը հնարավորություն է ընձեռում Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին ձեռք բերել ֆիլմի դիտման երկու տոմս` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

    Նախաձեռնությունն իրականացնելու համար Orange Armenia ընկերությունը երկարաժամկետ համագործակցելու է Երեւանի “Մոսկվա” եւ Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնների հետ:

    Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս եւ Բիզնես ծառայությունների բաժանորդները շաբաթվա ցանկացած օր` օրական մեկ անգամ:

    Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել kino բառը 5555 կարճ համարին եւ ստանալ ծածկագիր, նույն օրը այն ներկայացնել վերոնշյալ կինոթատրոնների տոմսարկղ եւ ստանալ այդ օրը ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս:

    Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես երիտասարդ բաժանորդների համար տոմսի գինը կարող է խոչընդոտ դառնալ ֆիլմերի դիտման համար, իսկ այս ծառայության շնորհիվ դա այլեւս խոչընդոտ չէ, քանի որ հաղորդագրության արժեքը 1500 դրամ է:

    Գյումրիում ծառայությունը կսկսի գործել մեկ շաբաթից:

    Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է.

    “Նման նախաձեռնությունները համակցում են հեռահաղորդակցության տեխնոլոգիան ժամանցի ձեւերի հետ: Արդեն մեկ տարի գործունեություն ծավալելով Հայաստանում` Orange-ը հանդես է եկել հիմնականում երաժշտական նախաձեռնություններով: Իսկ այսօր` գարնան առաջին օրը, մենք անակնկալ ենք մատուցում նաեւ կինոմաններին:”