16:42 | 22.02.11 | Նորություններ | 3029

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ “Վէմ”-ի նախաձեռնությամբ մեկնարկել է “Խոսենք հայերեն” քարոզարշավը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության եւ “Վէմ” հրատարակչության նախաձեռնությամբ մեկնարկել է “Խոսենք հայերեն” մշակութային քարոզարշավը:

“Խոսենք հայերեն” մշակութային քարոզարշավի շրջանակներում այսօր ներկայացվել են “Դորլինգ Քինդերսլի”(Dorling Kindersley)  հրատարակչության “Իմ առաջին գիրքը” շարքի 10 հայերեն հրատարակությունները: Շարքի  հայերեն հրատարակություններից յուրաքանչյուրը լույս է տեսել 5000-ական օրինակով, որից մի մասը բաժանվելու է բարեգործական նպատակներով:

“Վէմ” հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասել է, որ գրքերը նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար, եւ դրանց միջոցով տարբեր ազգության միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենի լեզուն:

Նրա խոսքերով`հրատարակությունները նպատակ ունեն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները:

“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին ասել է, որ իրենց ընկերությունը միշտ պատրաստ է օժանդակել նման նախաձեռնություններին` լեզվի պահպանության եւ հայրենիքի առաջխաղացման համար: