15:00 | 31.01.11 | Նորություններ | 4005

Orange Armenia-ն փոխել է սմարթֆոնների օգտագործման մշակույթը, ասել է ընկերության ղեկավարը

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. մարտից Orange Armenia-ն հայաստանյան շուկայում իրացրել է շուրջ 550 iPhone սմարթֆոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան վրացական Financial.ge կայքի հետ հարցազրույցում ասել է, որ այդ թիվը մեծ չէ, սակայն «կարեւոր» է հայաստանյան շուկայի համար:
 
«Մենք iPhone3-ը ներկայացրեցինք 2010թ. մարտին, երբ այն արդեն հայտնի էր Հայաստանում, եւ շատ սպառողներ այն ձեռք էին բերել այլ երկրներում: Այնուամենայնիվ, սմարթֆոնը մեծ պահանջարկ ունի, առավել եւս, որ մենք առաջարկել ենք նաեւ երաշխիքային սպասարկում: iPhone 4-ը Հայաստանում ներկայացվեց սեպտեմբերի վերջին` ԱՄՆ-ում եւ Եվրոպայում վաճառքի պաշտոնական մեկնարկից մի քանի շաբաթ անց, եւ շատ արագ մենք վաճառեցինք ողջ պաշարը»,- ասել է Բրունո Դյութուան:

«Ինչպես եւ iPhone-ի դեպքում, Orange-ը Հայաստանում առաջինը ներկայացրեց նաեւ HTC հեռախոսները: Սկզբում այդ ապրանքանիշն այնքան էլ հայտնի չէր Հայաստանում: Սակայն կարճ ժամանակահատվածում HTC-ն դարձավ սիրելի սմարթֆոն առաջատար սպառողների համար, եւ այդ պատճառով այսօր մենք առաջարկում ենք HTC-ի մի ամբողջ տեսականի»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը:

Նրա խոսքերով, Orange-ը փոխել է iPhone, BlackBerry եւ НТС սմարթֆոնների օգտագործման կուլտուրան հայ սպառողների կողմից, «քանի որ այժմ նրանց հասանելի են համապատասխան ապրանքանիշերի պաշտոնական խանութները, եւ սպառողները կարող են իրենց հեռախոսներն օգտագործել օպտիմալ կերպով»:  
 
«Մինչ մենք ներկայացրեցինք, օրինակ, BlackBerry-ն, այն Հայաստանում օգտագործվում էր որպես սովորական հեռախոս, քանի որ դրա հնարավորությունները հասանելի չէին: Այժմ հեռախոսը սպառողների համար ոչ միայն շքեղության առարկա է, այլեւ օգտակար գործիք, ինչը, իմ կարծիքով, կարեւոր առաջընթաց է»,- ասել է Բրունո Դյութուան:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է բաժանորդներին գրավում դեպի Orange-ը, ընկերության գլխավոր տնօրենը կարծիք է հայտնել, որ դա, նախեւառաջ, սակագնային պլանների պարզությունն է, ծառայությունների հասկանալի կառուցվածքը եւ սիրալիր սպասարկումը:
 
«Իհարկե, բացի դրանից, մենք առաջարկում ենք գնի եւ որակի լավագույն հարաբերակցություն, մեր բաժանորդները գիտեն, որ Orange-ի հետ նրանք կօգտվեն ամենանորարար ծառայություններից ողջամիտ գնով»,- ասել է Բրունո Դյութուան: