10:48 | 07.12.10 | Նորություններ | 3937

“ԱրմենՏել”-ը սկսել է Երեւանի 61 եւ 62 կայանների թվայնացումը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) սկսել է Երեւան քաղաքի 61 եւ 62 անալոգային կայանների թվայնացման գործընթացը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երեւանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով:

“Հայաստանի միասնական օպերատոր` “ԱրմենՏել”  ընկերությունը շարունակում է  անալոգային կայանների թվայնացման գործընթացը, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի մարզերում:  Մենք ուրախ կլինենք Ամանորի նախաշեմին ավելի մեծ թվով բաժանորդներին առաջարկելու նոր որակի ավանդական ֆիքսված կապի ծառայություններ”, - նշեց  “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2010թ. վերջին Հայաստանում “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված հեռախոսակապի թվային ԱՀԿ-ներին միացված կլինի բաժանորդների 80 տոկոսը: