10:08 | 02.12.10 | Նորություններ | 7811

Beeline բջջային ցանցի «096» կոդով հեռախոսահամարները կսկսեն վաճառվել այսօր

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «096» կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են օպերատորի մամուլի ծառայությունում, հեռախոսահամարը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Այն հաճախորդներն, ովքեր ընկերության կայքում լրացրել են «096» կոդով հեռախոսահամար գրանցելու համապատասխան հայտը, կարող են ձեռք բերել ամրագրած համարը մինչեւ 2010թ. դեկտեմբերի 9-ը ներառյալ:

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում գնելով բջջային հեռախոս` հաճախորդը կստանա նվեր «գեղեցիկ համար». 100 հազ. դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս գնելու դեպքում` «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100 հազ. դրամ եւ ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար: