14:03 | 02.11.10 | Նորություններ | 3086
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կհովանավորի «Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյ. ռուսական եւ ազգային գրականություն» միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը, «Հայաստան-Ռուսաստան» բարեկամություն ընկերակցությունը եւ Երեւանի հումանիտար ինստիտուտը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, միջոցառումը տեղի կունենա 2010թ. նոյեմբերի 13-14-ը եւ նվիրված է ռուս մեծ գրողի մահվան 100-ամյակին:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ եւ գրականագետներ Հայաստանի մի շարք առաջատար բուհերից, ինչպես նաեւ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Յասնայա Պոլյանայի, Տուլայի եւ Թբիլիսիի բուհերի ներկայացուցիչներ: Ներկայացված զեկույցները հետագայում կընդգրկվեն միջոցառման գիտական աշխատությունների հավաքածուի մեջ:
«Մեր ընկերությունը «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո աջակցում է Հայաստանում իրականացվող մշակութային եւ կրթական ծրագրերին: Մեր կարծիքով, գիտաժողովը կխթանի հայ երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ, իսկ մասնագետներին հնարավորություն կտա փոխանակել ռուս մեծ գրողի արվեստի դասավանդման հարուստ փորձը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏել» ընկերության պատրաստակամությունը ռուս գրականության տարածման հարցում եւ շնորհակալ ենք ընկերությանը ցուցաբերվող աջակցության եւ Հայաստանի հասարակական ու կրթական հաստատությունների հետ արգասաբեր համագործակցության համար», - ասել է «Հայաստան-Ռուսաստան» բարեկամություն ընկերակցության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը: