13:58 | 04.10.10 | Նորություններ | 3578
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը, Բրիտանական խորհուրդը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այսօր ազդարարել են «Հմտություններ աշխատանքում» ամենամյա մրցույթի մեկնարկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բրիտանական խորհրդի երեւանյան ներկայացուցչության տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով, մրցույթը Հայաստանում անց է կացվում արդեն երրորդ տարին, եւ այդ ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 300 ուսանող: Նա տեղեկացրել է, որ նմանատիպ մրցույթներ կազմակերպվում են Մեծ Բրիտանիայում եւ Արեւելյան Եվրոպայի 10 երկրներում, դրանց նպատակն է երիտասարդների խրախուսումը, նորարարության խթանումը եւ մասնակիցների մոտ ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը:
Մրցույթին կարող են մասնակցել միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների 15-ից 18 տարեկան ուսանողները, ովքեր մինչեւ հոկտեմբերի 29-ը իրենց ուսումնական հաստատության ղեկավարությանը կներկայացնեն «Ինչպես հասնել հաջողության ինտերնետի միջոցով» թեմայով շարադրություն:
Մրցույթի բացառիկ հովանավոր` «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով, «դա հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այն ձեւաչափն է, որին մենք հատուկ նշանակություն ենք տալիս»: Նա ընդգծել է, որ երկխոսություն հարթելով բիզնեսի եւ կրթության միջեւ` ընկերությունը հայ երիտասարդությանն օգնում է բարելավել ձեռնարկատիրական հմտությունները, ինչը հետագայում նրանց կդարձնի առավել մրցունակ: Իգոր Կլիմկոն ընդգծել է, որ այս տարի ծրագիրը շեշտադրում է ՀՀ տնտեսության համար առաջնահերթ ոլորտը` տեղեկատվական տեխնոլոգիաները:
Լավագույն 50 շարադրությունների հեղինակները կարող են մասնակցել «Հմտություններ աշխատանքում» բիզնես-գաղափարների մրցույթի ազգային ճամբարին, որը կկազմակերպվի նոյեմբերին Ծաղկաձոր քաղաքում: Ազգային մրցույթի հաղթողները կստանան հատուկ մրցանակներ «ԱրմենՏել»-ից եւ ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն: