13:12 | 20.07.10 | Նորություններ | 2926
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրել է «հատուկ» համարների ձեռք բերման նոր պայմաններ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ ընկերության ցանկացած բաժանորդ կարող է անվճար ստանալ «բրոնզե», «արծաթե», «ոսկե» եւ «պլատինե» հեռախոսահամար` կատարելով, համապատասխանաբար, 5, 10, 50 եւ 100 հազար դրամ կանխավճար, որը կօգտագործվի Orange-ի ծառայությունների դիմաց վճարելու համար:
«Այսպիսի համարները հատուկ կարեւորություն ունեն Հայաստանում, եւ դրանց ձեռք բերման համար մարդիկ ստիպված էին վճարել բավականին մեծ գումարներ»,- նշել է Բրունո Դյութուան:
«Հատուկ» համարների համար նոր առաջարկը չի վերաբերում «ադամանդե» հեռախոսահամարներին, որոնք վաճառքի կհանվեն ավելի ուշ աճուրդի միջոցով, իսկ գոյացած հասույթը կուղղվի Orange Armenia-ի մանկական բարեգործական ծրագրերին: