15:41 | 16.07.10 | Նորություններ | 3428

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին մրցանակակիր է դարձել շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորի թիմը

Երեւան/Մեդիամքս/. Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորն ու նրա գիտական թիմը, որում ընդգրկված են Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) եւ Նունո Սանտոսը (Պորտուգալիա), դարձել է Վիկտոր Համբարձումյանի անվան առաջին միջազգային մրցանակի դափնեկիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ նախագահ, միջազգային ժյուրիի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Հաղթողին որոշելու համար ժյուրիի անդամները (8 ականավոր գիտնականներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից) ընտրություն են կատարել մրցույթին ներկայացված 14 աշխատանքների միջեւ:

Ժյուրիի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը հայտնել է, որ Միշել Մայորի եւ նրա գիտական թիմի ներկայացրած աշխատանքը վերջին տասնամյակի ամենանշանավոր աշխատանքն է աստղաֆիզիկայի բնագավառում: «Դեռեւս 1995 թվականին Մայորը հայտնաբերել է առաջին մոլորակը, որը գտնվում է մեր արեգակնային համակարգից դուրս»,- ասել է Արեգ Միքայելյանը:

ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2009թ. ապրիլի 16-ին:

Մրցանակը կտրվի 2 տարին 1 անգամ աստղաֆիզիկայի եւ դրան հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում ականավոր գիտական աշխատանքի համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ այլ պետությունների քաղաքացիներ:

Մրցանակը կհանձնվի այս տարվա սեպտեմբերի 18-ին (գիտնականի ծննդյան օրը):
Դրա ծավալը կկազմի $500 հազարին համարժեք դրամ: