15:05 | 28.06.10 | Նորություններ | 2897

Beeline-ը ՀՀ ուսումնական հաստատություններին արտոնյալ պայմաններով ինտերնետ է առաջարկում

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) ազդարարել է «Ինտերնետ ՀՀ ուսումնական հաստատություններին» զանգվածային ծրագրի մեկնարկը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում Beeline-ը արտոնյալ պայմաններով լայնաշերտ ինտերնետ կտրամադրի ուսումնական հաստատություններին` ՀՀ տարածքում գործող բուհերին, դպրոցներին եւ ուսումնարաններին, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:

Ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան միանալ Hi-Line ծառայությանն առանց միացման վճարի, ADSL մոդեմը եւս կտրամադրվի անվճար:

Hi-Line Unlimited 256/64, 512/128 եւ 1024/256 անսահմանափակ սակագնային պլանների ամսավճարը ՀՀ ուսումնական հաստատությունների համար կկազմի, համապատասխանաբար, 3900, 6000 եւ 7500 դրամ:

«Հայաստանում ներկայության առաջին իսկ օրվանից Beeline-ն ընտրել է կրթական ոլորտին աջակցելու ռազմավարությունը` որպես իր սոցիալական ծրագրերի հիմնական ուղղություն: Ընկերությունը հավատարիմ է մնում հայտարարված առաջնահերթություններին` կրթության հարցերին հատկացնելով ավելի մեծ ուշադրություն»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: