15:34 | 20.05.10 | Նորություններ | 3841

Microsoft Office 2010-ը Հայաստանում կվաճառվի հունիսից

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft Office 2010-ի վաճառքը Հայաստանում կմեկնարկի հունիսին, այսօր հայտնել է Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ «Office-ի բազմազան տարբերակները կվաճառվեն Երեւանում մեզ հետ համագործակցող ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի բոլոր խանութներում»:

Նրա խոսքերով, Հայաստանում ծրագրերի փաթեթի գները համահունչ կլինեն համաշխարհային շուկայի գներին: «Office 2010-ի բնակարանային տարբերակը, որը ներառում է 3 արտոնագիր (այսինքն` կարելի է տեղադրել 3 համակարգչում), կարժենա շուրջ $150, իսկ ձեռնարկությունների համար նախատեսված MS Office պրոֆեսիոնալ տարբերակները` $500-600-ի սահմաններում»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:

Նա նշել է, որ Հայաստանում Microsoft-ի ներկայության 4 տարիների ընթացքում երկրում պիրատական ծրագրային ապահովման մակարդակը կրճատվել է 6-8%-ով: Եթե մինչեւ ներկայացուցչության բացումը պիրատական ծրագրային ապահովման տարածման մակարդակը երկրում գնահատվում էր 96-98%-ի սահմաններում, ապա ներկայումս այդ ցուցանիշը մոտենում է 90%-ի:

«Միայն Microsoft-ի լիցենզավորված ապրանքատեսակների վաճառքի շնորհիվ ՀՀ պետբյուջե է մտել ավելի քան $5 մլն»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը` նշելով, որ այսօր Հայաստանում Microsoft-ի արտոնագրված գործընկերներ են հանդիսանում շուրջ 80 ընկերություններ:

Անդրադառնալով Երեւանում Հարավային Կովկասի առաջին Microsoft նորարարական կենտրոնի ստեղծմանը` Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ ներկայումս կենտրոնում (որը գտնվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում) ընթանում է շինարարություն, որը նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:

«Կենտրոնը կսկսի գործել արդեն այս տարի եւ կզբաղվի հայաստանյան բուհերի դասախոսների, ուսանողների եւ IT-ընկերությունների մասնագետների պատրաստմամբ եւ վերապատրաստմամբ, կանցկացնի Microsoft-ի արտոնագրված դասընթացներ եւ խթան կհանդիսանա ՀՀ IT-ոլորտի ընկերությունների զարգացման համար, որոնք օժանդակություն կստանան հայաստանյան եւ արտասահմանյան շուկաներում աութսորսինգից դեպի սեփական ապրանքատեսակների ստեղծմանն ու առաջխաղացմանն անցնելու գործում»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը: