13:53 | 12.05.10 | Նորություններ | 3004

ՀԾԿՀ-ն հաստատել է բջջային կապի ծառայությունների մատուցման մասին հաշվետվության ձեւը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է երեք օպերատորների` «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS-ի եւ Orange Armenia-ի կողմից բջջային կապի ծառայությունների մատուցման մասին հաշվետվության ձեւը:

Ինչպես ՀԾԿՀ նիստում հայտնել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, նոր ընթացակարգը թույլ կտա վերլուծել բջջային կապի շուկան եւ վերահսկել տրամադրվող կապի որակը:

Նրա խոսքերով, «մինչեւ նոր կարգի հաստատումը հանձնաժողովը պարբերաբար դիմել է օպերատորներին տեղեկատվության տրամադրման նպատակով, եւ դա որոշակի դժվարություններ է ստեղծել ընկերությունների համար, իսկ նոր ընթացակարգը թույլ կտա պարզեցնել կարգավորչի ու օպերատորների փոխհարաբերությունները հաշվետվության առումով»:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ դա օպերատորների ու կարգավորչի աշխատանքի ստանդարտ ձեւ է, որը կարգավորող մարմնին թույլ կտա ստանալ շուկայում տիրող իրավիճակի հստակ պատկերը:

Beeline-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ այդ որոշումը ՀԾԿՀ-ին թույլ կտա որոշել բջջային կապի շուկայում գերակա դիրք զբաղեցնող ընկերությունը, ինչպես նաեւ պարբերաբար անցկացնել հեռահաղորդակցային ոլորտի մոնիտորինգ եւ վերլուծություն: