16:44 | 16.04.10 | Նորություններ | 3212

Beeline-ը Հայոց ցեղասպանության թանգարանին նկարներ կնվիրի

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը Հայոց ցեղասպանության թանգարանին կնվիրի հայ նկարիչների 5 ստեղծագործություններ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հինգ հեղինակների աշխատանքները ներկայացված են այսօր բացված` Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսի փակումից հետո նկարները կցուցադրվեն Ցեղասպանության թանգարանում: 

«Ռուսաստանը միշտ ընդունել է հայ ժողովրդի այս ողբերգությունն որպես իր սեփականը: Որպես ազգային օպերատորի ղեկավար եւ ռուս ազգի ներկայացուցիչ` ես մեծ պարծանքով ընդունեցի Ցեղասպանության թանգարանին սատարելու մասին «Աշխարհի հայ նկարիչների միության» առաջարկը: Համոզված եմ, որ արվեստի այս հրաշալի գործերը կհարստացնեն Ցեղասպանության թանգարանի ֆոնդը»,- նշվում է ցուցահանդեսի բացման առթիվ «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հղած ուղերձում:

Ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 16-27-ը: Կներկայացվեն հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների աշխատանքները` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց Մեծ Եղեռնին: