16:05 | 15.04.10 | Նորություններ | 2839
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը կարծում է, որ օրենսդրության թույլ կիրառումը Հայաստանի գլխավոր խնդիրն է հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության թեմայով սեմինարի բացմանը դիվանագետը նշել է, որ «եթե Հայաստանը մտադիր է իր տարածքում ստեղծել տեխնոպարկեր, ազատ առեւտրային գոտիներ, առաջ տանել նորարարական բիզնեսը եւ մտնել եվրոպական շուկա, ապա հեղինակային իրավունքի պաշտպանությունը մշտապես պետք է գտնվի կառավարության ուշադրության կենտրոնում»:
Ռաուլ Դե Լյուցենբերգերը նշել է, որ հեղինակային իրավունքի պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովումը բխում է նաեւ ՀՀ պարտավորություններից Եվրոպական Հարեւանության Քաղաքականության Գործողությունների պլանի շրջանակներում:
ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը եւս նշել է նաեւ, որ չնայած օրենսդրության լրամշակման անհրաժեշտությանը, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը մնում է դրա կիրառումը, որում պետք է ակտիվ ներգրավված լինեն ոստիկանությունն ու մաքսային մարմինները: