13:14 | 15.03.10 | Նորություններ | 3255

Երեւանում ընթանում է Intel կրթական սեմինարը

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում ընթանում է Intel կորպորացիայի կրթական սեմինարը հայաստանյան դասախոսների եւ ուսուցիչների համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, սեմինարի նպատակն է դպրոցի ուսուցիչներին եւ բուհերի դասախոսներին բացատրել Intel-ի “World Ahead” ծրագիրը, որն ենթադրում է նոր տեխնոլոգիաների, քոնթենթի, հեռակա ուսուցման նպատակով միջդպրոցական եւ միջբուհական ցանցերի ստեղծման, ինչպես նաեւ ժամանակակից մարտահրավերներին համապատասխանելու համար դասախոսների վերապատրաստում անցկացնելու մատչելիության ապահովում ուսումնական հաստատությունների համար:

Սեմինարավար, կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գծով Intel-ի մասնագետ Ռոբերտ Ֆոգելն ասել է, որ Intel-ի “World Ahead” ծրագրում արդեն ներգրավվել են բնակչության 1.2 մլրդ ընդհանուր թվով երկրներ, եւ ներկայումս Intel-ն այդ ծրագիրը տարածում է բնակչության 1 մլրդ ընդհանուր թվով երկրներում: 

Ռոբերտ Ֆոգելի խոսքերով, կորպորացիայի կրթական ծրագրի ուշադրության կենտրոնում է երեխաներին եւ ուսանողներին նախապատրաստել գործունեության դեռեւս գոյություն չունեցող տեսակներին եւ նրանց օժանդակել ադապտացվել աշխարհի մշտական փոփոխմանը:

“Մեկ տասնամյակի ընթացքում աշխարհում կրթական համակարգը անճանաչելիորեն կփոխվի, թվային ուսուցումը հիմնականում կփոխարինի ավանդականին, “ուսուցչակենտրոն” (instructor centric) ուսուցման համակարգը կվերածվի “ուսանողակենտրոնի” (student centric), այսինքն, ուսանողը կհայտնվի հնարավոր բոլոր ուսումնական ռեսուրսների կենտրոնում` հնարավորություն ստանալով ուսանել ամենուր եւ ցանկացած ժամանակ”,- ասել է Ռոբերտ Ֆոգելը:

Նրա խոսքերով, այդ դեպքում ուսուցչի դերը չի պակասում, ընդհակառակը, այն դառնում է ավելի կարեւոր սովորողի մոտիվացիայի գործում: Այդ համատեքստում Ռոբերտ Ֆոգելն ընդգծել է դասավանդողների “օնլայն բուրգի” ձեւավորման կարեւորությունը, որում տարբեր սերունդների ներկայացուցիչները կարող են մշտապես փոխանակել փորձն ու նոր գիտելիքները: 

Երեւանում Intel-ի սեմինարի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Տիգրան Սարգսյանի` նախորդ տարվա նոյեմբերին “ArmTech” կոնգրեսի շրջանակներում ԱՄՆ կատարած այցի ընթացքում: