16:32 | 19.02.10 | Նորություններ | 3287

Գիտության պետական կոմիտեն ներկայացրեց գիտական կազմակերպության անձնագրի լրամշակված տարբերակը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն անցկացրել է սեմինար` նվիրված գիտական կազմակերպության անձնագրի լրամշակված տարբերակի ներդրմանը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Գիտության պետական կոմիտեում, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են նոր փաստաթղթի լրամշակված տարբերակին:

Կազմակերպությունների անձնագրավորումը նպատակ ունի գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքների հիման վրա հնարավորինս ճշգրիտ գնահատել Հայաստանի գիտական ներուժը եւ առկա ենթակառուցվածքը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքերով, անձնագրավորման 2008թ. փորձը բացահայտել էր հարցաթերթիկների լրացման որոշակի բացթողումներ: Նա կարեւորել է տվյալների լրացման ճշգրտությունը` նշելով, որ դրանց հիման վրա որոշվելու է նաեւ կազմակերպությունների վարկանիշը: