16:00 | 22.01.10 | Նորություններ | 3000

Beeline-ը սկսել է SIM-քարտերի վաճառքը Mega Pay վճարային տերմինալների միջոցով

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Mega Pay վճարային տերմինալների միջոցով SIM-քարտերի վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հաճախորդը կարող է ձեռք բերել Beeline կանխավճարային համակարգի SIM-քարտ վճարային տերմինալի միջոցով` ընտրել նախընտրելի համարը եւ մուտքագրել գումարը հաշիվը լիցքավորելու համար: Սուրհանդակն անվճար կառաքի քարտը հաճախորդին, կվերցնի անձնագրի պատճենը եւ տեղում կիրականացնի ձեւակերպումը:

“Մենք դարձնում ենք մեր առաջարկներն առավելագույնս հարմարավետ` օգտագործելով ոչ միայն սեփական փորձը եւ հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ մեր գործընկերների հետաքրքիր առաջարկները: Այժմ դառնալ Beeline ցանցի բաժանորդ ավելի հեշտ է: Դա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր արժեւորում են իրենց ժամանակը եւ ձգտում են ստանալ լավագույն ծառայություններ”,- նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:     

Սկզբնական փուլում ծառայությունը հասանելի է Երեւանում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline-ի ամենատարածված սակագնային պլանը` “Քեզ համար Էքսկլյուզիվ”-ը Mega Pay համակարգի 250 տերմինալներից ցանկացածի միջոցով:

Տերմինալի “Beeline” բաժնում անհրաժեշտ է ընտրել “Գնել համար” ենթաբաժինը եւ հետեւել հրահանգներին: Համարն ընտրելուց հետո հաճախորդին կառաջարկվի մուտքագրել գումարը, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվին: Տերմինալը կտա կտրոնը, որում նշված կլինի հետադարձ կապի հեռախոսահամարը: Զանգահարելով այդ համարին` հաճախորդը կարող է ասել իր հասցեն եւ SIM-քարտի առաքման համար հարմար ժամը: Այս փուլում առաքումն իրականացվում է միայն Երեւանում: