10:04 | 14.12.09 | Նորություններ | 3419

Telcell-ում գոհ են ՃՈ տուգանքների վճարման նախագծի մեկնարկից

Երեւան /Մեդիամաքս/. Կարելի է վստահորեն պնդել, որ Ճանապարհային Ոստիկանության տուգանքների վճարման Telcell-ի նախագիծը հաջողվել է:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Նոյեմբերի 30-ին Telcell վճարային համակարգը հայտարարել էր ինքնասպասարկման տերմինալների միջոցով Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարման նոր ծառայության գործարկման մասին:

«Առաջին երկու շաբաթների ընթացքում գրանցված հաճախորդների քանակը գերազանցեց ամենալավատեսական կանխատեսումները»,- ասել է Արամ Ազատյանը: Գրանցվել կարելի է Telcell-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգահարելով. ողջ ընթացակարգը զբաղեցնում է 30 վայրկյան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն էր Ճանապարհային ոստիկանության ղեկավարության արձագանքը Telcell-ի նորարարական առաջարկի նկատմամբ, Արամ Ազատյան ասել է.

«Մենք արեցինք առաջարկը, կատարեցինք փորձնական ծրագրի շնորհանդեսը, եւ համաձայնագիրը ստորագրվեց: Ճանապարհային ոստիկանությունում կան պրոֆեսիոնալներ, ովքեր միանգամից հասկացան ինքնասպասարկման տերմինալների միջոցով տուգանքների վճարման առավելություններն ու հարմարավետությունը, եւ համատեղ ջանքերով մենք կարողացանք հասնել արդյունքի: Առիթից օգտվելով` կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին համագործակցության համար»:

«Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրենը նշել է, որ նախագիծը շատ բարդ եւ ոչ ստանդարտ է եղել: «Դրա իրականացման գործընթացում լուծվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տուգանքների վճարման միասնական համակարգի ստեղծումը վճարողների ակնթարթային գրանցմամբ, դրամական միջոցների փոխանցումը պետբյուջե, տվյալների փոխանցումը Ճանապարհային ոստիկանության տվյալների բազա եւ այլն»,- ասել է Արամ Ազատյանը:

Նա հիշեցրել է, որ տուգանքները վճարելով Telcell տերմինալների միջոցով` անհրաժեշտություն չի առաջանում վճարման անդորրագիրը ներկայացնել Ճանապարհային Ոստիկանություն: