14:16 | 18.11.09 | Նորություններ | 3374

Կարգավորողն իջեցրել է միջազգային IP տարանցման սակագները “ԱրմենՏելի” եւ FiberNet-ի համար

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ սահմանել է միջազգային IP տարանցման սակագները “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) եւ FiberNet Communications ընկերությունների համար:

Ինչպես նիստում հայտնել է ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Արմեն Արշակյանը, դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքի ներկայիս պայմաններում միջազգային IP տարանցման ծառայության 1 Մբիթ/վրկ արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը սահմանվել է 174 հազար դրամ, ինչը երկու անգամ ցածր է 2009թ. առաջին կիսամյակում գործող սակագնից:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հունվարի 1-ից:

Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ այդ որոշումը օպերատորներին թույլ կտա զգալիորեն իջեցնել գները վերջնական սպառողի համար: Նրա խոսքերով, այս պահին “ԱրմենՏել” եւ FiberNet Communications ընկերությունների շահութաբերությունը մեծածախ ինտերնետի վաճառքի ոլորտում կազմում է 55%, իսկ սակագների իջեցումից հետո այն կկազմի 12%: Արաբաջյանի խոսքերով, “կարգավորողը չի կարող թույլ տալ, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնող մասնավոր ընկերությունները գերշահույթներ ստանան սպառողների հաշվին”:

“ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը դժգոհություն է հայտնել հանձնաժողովի որոշման կապակցությամբ` նշելով, որ դրանով ՀԾԿՀ-ն արհամարհում է ներդրողների շահերը: “Շահութաբերության նամն ցածր մակարդակի դեպքում ոլորտը կարող է կորցնել գրավչությունը ներդրողի համար”,- նկատել է նա: