13:26 | 03.11.09 | Նորություններ | 3302

ArmTech-2009-ը կմեկնարկի նոյեմբերի 5-ին Սան-Խոսեում

Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 5-8-ը Սան-Խոսեում (ԱՄՆ) կկայանա  ArmTech-2009 բարձր տեխնոլոգիաների համահայկական կոնգրեսը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր ասել է, որ կոնգրեսում կներկայացվեն շուրջ 150 հայաստանյան IT ընկերություններ, իսկ մասնակիցների թվում ընդհանուր առմամբ կլինեն 300 ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

Կոնգրեսի նպատակը հայաստանյան IT ընկերությունների հնարավորությունները պոտենցիալ ներդրողներին ու կրթական կենտրոններին ներկայացնելն է եւ ՀՀ IT ոլորտի զարգացման հեռանկարները նախանշելը:

ArmTech-2009-ը կընթանա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո եւ կառավարության ղեկավարի մասնակցությամբ: