13:36 | 10.09.09 | Նորություններ | 3162
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում համակարգիչների վաճառքի 20 կենտրոններից միայն 4-ն են առաջարկում արտոնագրված ծրագրեր:
Ինչպես հաղորդում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդպիսին են Business Software Alliance (BSA) ընկերության կողմից օգոստոսի 12-24-ը անցկացված հետազոտության արդյունքները:
Ինչպես նշել է ընկերության իրավաբան Նարինե Մկրտչյանը, այդ ժամանակահատվածում ընկերության աշխատակիցներն այցելել են համակարգիչների վաճառքի կենտրոններ եւ ներկայացել որպես հաճախորդներ: Յուրաքանչյուր կենտրոն 5 անգամ այցելելու արդյունքում պարզվել է, որ 20 կենտրոններից միայն 4-ում են պարտադիր կերպով առաջարկում արտոնագրված ծրագրեր:
Նարինե Մկրտչյանի կարծիքով, խնդիրն այն է, որ հաճախորդները չեն գիտակցում չարտոնագրված համակարգչային ծրագրեր գնելու հանցավորությունը: “Քաղաքացիները, ովքեր ձեռք են բերում կամ ինտերնետից ներբեռնում են չարտոնագրված ծրագրեր, պոտենցիալ գողեր են”, - նշել է Նարինե Մկրտչյանը:
Նա ընդգծել է նաեւ, որ պետությունը ներկայումս ակտիվորեն զբաղվում է այդ հարցով, մասնավորապես, մտավոր սեփականության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունն ուղղված է նման խնդիրների լուծմանը: