14:07 | 02.09.09 | Նորություններ | 2962
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունն ավարտում է երեք ավտոմատ հեռախոսային կայանների /ԱՀԿ/ թվայնացման եւ գործող թվային կայանների արդիականացման աշխատանքները Երեւանում ֆիքսված կապի բաժանորդների թիվն ավելացնելու նպատակով:
Այդ մասին այսօր Երեւանում ասել է “ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:
Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի այն հարցին, թե ինչպե՞ս կփոխվի իրավիճակը ֆիքսված կապի շուկայում նոր դերակատարների մուտքից հետո, Դավիթ Սանդուխչյանն ասել է, որ նոր ընկերությունները հիմնականում ծրագրում են անլար ֆիքսված կապ տրամադրել WiMAX տեխնոլոգիայի հիման վրա: Նրա խոսքերով, WiMAX տեխնոլոգիան մշակված է խիտ բնակեցված քաղաքների (urban area network-UAN) համար եւ կարող է արդյունավետ լինել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կիրառելու համար, սակայն առեւտրային տեսանկյունից մարզերում նման տեխնոլոգիաների օգտագործումը ձեռնտու չէ:
Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ նոր օպերատորները կարող են “ԱրմենՏելի” հետ մրցակցել խոշոր քաղաքներում, իսկ ինչ վերաբերում է մարզերին, ապա այնտեղ WiMAX տեխնոլոգիայի օգտագործման միակ հնարավորությունը ինտերնետային ծառայություններ մատուցելն է: