17:06 | 27.07.09 | Նորություններ | 3014
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆիզիկայի ինստիտուտը կարող է վերակազմավորվել ազգային գիտական լաբորատորիայի. այսպիսի առաջարկությամբ հանդես է եկել ֆիզիկոսների միջազգային փորձագիտական խումբը, որը Երեւանում է հուլիսի 23-ից:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հավելելով, որ փորձագիտական խումբը միջուկային ֆիզիկայի մասնագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ ուսումնասիրում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի զարգացման հեռանկարները:
Նախարարի խոսքերով, ինստիտուտն ունի գիտական մեծ ներուժ, որը ճիշտ օգտագործման կարիք ունի: Ներսես Երիցյանը նկատել է, որ փորձագետների նախնական գնահատականների համաձայն, ինստիտուտում հիմնախնդիրների շեշտադրման խնդիր կա` ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման նպատակով:
Փորձագետների խումբն արդեն նախանշել է Հայաստանում ֆիզիկայի զարգացման հեռանկարային եւ արդիական ուղղությունները: Ներսես Երիցյանը հատկապես նշել է ֆիզիկայի զարգացման կարեւորությունը` ընդգծելով, որ հենց այդ գիտությունն է հիմնական գիտատար տնտեսության զարգացման համար: