16:57 | 10.07.09 | Նորություններ | 2979
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր վրդովմունք է հայտնել ինտերնետ պրովայդերների գործողությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Իգոր Կլիմկոն ասել է, որ վերջին ամիսներին «ԱրմենՏել» ընկերությունը մոտ 9 անգամ իջեցրել է ինտերնետի գինը մեծածախ սպառողների համար, սակայն վերջնական սպառողների համար պրովայդերների սահմանած գները մնում են բարձր:
Նա հիշեցրել է, որ վերջերս կայացած ՀՀ ՏՏ առաջնորդների ֆորումի ընթացքում ինտերնետ պրովայդերները կրկին դիմել են «ԱրմենՏելին» մեծածախ ինտերնետի գինն իջեցնելու առաջարկով:
«Ստացվում է, որ մեր ընկերությունը պրովայդերներին ինտերնետ է վաճառում մեծածախ գնով, կառուցում է մագիստրալային ալիքներ, միջոցներ է ներդնում ալիքների պահեստավորման համար, իսկ մանր ինտերնետ պրովայդերներն առանց սեփական ցանցերի զարգացման համար հատուկ ներդրումների փորձում են գումար աշխատել «ԱրմենՏելի» հաշվին», - հայտարարել է Իգոր Կլիմկոն:
Նա նշել է, որ առաջիկայում «ԱրմենՏելը» կներկայացնի Հայաստանում ինտերնետի զարգացման իր հայեցակարգը: