14:32 | 13.05.09 | Նորություններ | 3852

ՀԾԿՀ-ն որոշել է “ԱրմենՏելին” տուգանել 12 մլն դրամով

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր որոշում է կայացրել “ԱրմենՏել” ընկերությանը 12 մլն դրամով տուգանելու մասին:

Ինչպես նշել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, այդ որոշումը պայմանավորված է “ԱրմենՏելի” կողմից “Ամելայն”, “ՄԻՕՄ” եւ “Տեխնոպլաստ” կազմակերպություններին ելքային ձայնային ծառայությունների տրամադրելու կարգը խախտելու հետ:

“ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ ընկերությունը բազմիցս դիմել է ՀԾԿՀ-ին` ձայնային ծառայությունների տրամադրման կարգը վերանայելու եւ օպերատորներին ոչ թե բաժանորդային, այլ` լրացուցիչ համարներ հատկացնելու հնարավորությունը դիտարկելու առաջարկով: Նրա խոսքերով, “դա կլուծեր բազմաթիվ վիճելի հարցեր”:

Հանձնաժողովի անդամները այդ հարցերը մոտ ժամանակներս քննարկելու պատրաստակամություն են հայտնել: